ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ձեր «ինվոյսը» մեր «ինվոյսի» հետ չի խոսում

Ձեր «ինվոյսը» մեր «ինվոյսի» հետ չի խոսում
22.05.2009 | 00:00

ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ
Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով աշխարհում նկատվում է ինչպես օգտագործված, այնպես էլ նոր ավտոմեքենաների գների անկում, սակայն այդ իրողությունը կարծես էական ազդեցություն չի ունենում հայաստանյան ավտոշուկայի վրա, որտեղ թեև նկատվում է գնային անկում, սակայն ոչ այն չափով, ինչքան պետք է տեղի ունենար: Պատճառներ, թերևս, կան, և դա առաջին հերթին առնչվում է մեր մաքսային ոլորտին, որտեղ օգտագործված մեքենաների գնացուցակները չեն վերանայվում, և մաքսազերծումն իրականացվում է առանց հաշվի առնելու համաշխարհային ավտոշուկայում առկա գնային իրողությունները:
Վերջերս հանդիպեցինք մի հետաքրքիր փաստի: Մեկ ամիս առաջ Գերմանիայից օգտագործված մեքենաների ներկրմամբ զբաղվող գործարարներից մեկը տեղում ընդամենը 500 դոլարով գնել է 1996 թ. «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա, սակայն վերջնական արդյունքում ստացվել էր, որ այդ մեքենայի արժեքը, հաշվի առնելով ճանապարհածախսը և մաքսազերծումը, դարձել է 4500 դոլար: Այս իրողությունը գործարարը բացատրեց այն հանգամանքով, որ մեր մաքսային ծառայությունը բացարձակապես հաշվի չի առնում Գերմանիայից բերված ապրանքագիրը` «ինվոյսը», և հաշվարկն իրականացնում է իր ընդունած գնային չափորոշիչներով, ինչի արդյունքում բավականին էժան ձեռք բերված ավտոմեքենան թանկանում է, իսկ դա բացարձակապես ձեռնտու չէ ո՛չ իրենց, ո՛չ էլ գնորդին: «Համ մենք ենք ստիպված թանկ վաճառում, համ էլ գնորդն է շատ վճարում, երբ կարող էր ավելի էժան գնել: Այս տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ գործն այնքան էլ հաջող չէ, մեզ ձեռնտու է էժան վաճառելը, բայց որ մաքսայինն իր ձևով է հաշվում, ի՞նչ կարող ենք անել: Գոնե կառավարությունը որոշում ընդուներ, և ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման գնային փաթեթը վերանայվեր»,- ասաց գործարարը, որը ժամանակավորապես տաքսի ծառայություններից մեկում վարորդ է աշխատում: «Այս երկրում տանիք որ չունեցար` կորած ես: Ով տանիք ունի, ոնց ուզենա, այնպես էլ կներմուծի, կմաքսազերծի ու իր բիզնեսն առաջ կտանի: Իսկ մեզ նման հասարակ մարդկանց մնում է կա՛մ համակերպվել այս պայմաններին, կա՛մ թողնել հեռանալ»:
Տնտեսական ճգնաժամի պատճառով հայաստանյան ավտոշուկան իրոք ծանր օրեր է ապրում: Դրանում կարելի է համոզվել` այցելելով Էրեբունու ավտոշուկա, որտեղ վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: Սակայն իրողությունն այն է, որ մեքենաների գները չեն նվազում: Արտասահմանյան մեքենաների վաճառքով զբաղվող Արմենը մեզ հետևյալը փոխանցեց. «Այս տարի գործը լավ նստել է: Անցյալ տարի 11 ավտոմեքենա վաճառեցի, այս տարի` ընդամենը մեկը: Դե, շուկա էլ գալիս ենք, իրար մեքենաներն ենք նայում, գներ հարցնում, զրուցում և գնում տուն: Թե ուրիշ գործ լիներ, սիրով կանեի, բայց ուրիշ գործ սկսելն էլ բավականին դժվար է, այնպես որ պետք է սպասենք, մինչև վիճակը լավանա, մարդկանց ձեռքը փող ընկնի»: Թեև ավտոմեքենաների վաճառքը նվազել է, սակայն Կարենը, որ մի քանի տարի զբաղվում է օգտագործված ավտոմեքենաների վաճառքով, նշեց. «Որ մեքենաների վաճառք չկա դա դեռ հարցի մի կողմն է, սակայն ես, օրինակ, բանկից մեծ գումարների վարկեր եմ վերցրել, ավտոները չեն վաճառվում, բայց տոկոսները հո վճարո՞ւմ եմ: Դոլարն էլ թանկացավ, ստիպված շատ եմ վճարում»: Մեկ ուրիշն էլ նշեց, որ դոլարի բարձրացումից մի օր առաջ դրամով ավտոմեքենա էր վաճառել, սակայն չէր հասցրել այն դոլարի վերածել և դրա հետևանքով 600000 հազար դրամի վնաս էր կրել: «Մի հատ ավտո վաճառեցի, բայց դուրս եկավ, որ օգուտի փոխարեն վնասվեցի»,- ասաց ձախորդ առևտրականը։
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4658

Մեկնաբանություններ